Մոտ ժամանակներս Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողները փորձնական ռեժիմով Իրանից 2 կոնտեյներ բեռ կուղարկեն Եվրոպա՝ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Այդ համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարին՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ: Փորձնական առաքումից հետո իրանական և հայկական բիզնեսը կհասկանա, թե ինչ պայմաններում է հնարավոր Հայաստանի տարածքով ավելի արագ և շահավետ բեռներ փոխադրել Իրանից Եվրոպա: «Այս պահին հայաստանցի և իրանցի փոխադրողները եզրափակիչ կազմակերպչական փուլում են: Շուտով այդ 2 կոնտեյները կճանապարհվեն»,- ասել է Առաքելյանը: